«Somebody Else», անգլիական The 1975 ռոք խմբի երգ նրանց երկրորդ՝ «I Like It When You Sleep, for You Are So Beautiful yet So Unaware of It» (2016) ստուդիական ալբոմից։ Այն թողարկվել է որպես սինգլ 2016 թվականի փետրվարի 15-ին[4]։ Երգը՝ զբաղեցնելով Alternative Songs չարթի հինգերորդ հորիզոնականը, դարձել է խմբի՝ այս չարթում բարձրագույն դիրք զբաղեցրած սինգլը[5]։ Այն նաև զբաղեցրել է Միացյալ Թագավորության չարթի 55-րդ և Ավստրալիայի՝ 34-րդ հորիզոնականները։ NME-ն անվանել է այն 2016 թվականի երկրորդ լավագույն երգ[6]։ Pitchfork-ն ընդգրկել է երգն իր «2016 թվականի 100 լավագույն երգ» ցանկի 74-րդ հորիզոնականին[7]։ Այն ընդգրկվել է նաև 2016 թվականի «Գրեթե տասնյոթ» ֆիլմի սաունդթրեքում։
«Somebody Else» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Թիմ Մաթիայի կողմից և թողարկվել է 2016 թվականի հուլիսի 7-ին[8]։ Տեսահոլովակի սկզբի տեսաշարը հիշեցնում է Դեյվիդ Լինչի «Ճագարներ» կարճամետրաժ ֆիլմը։ Գլխավոր վոկալիստ Մեթի Հիլին մտնում է սենյակ ծաղրածուի գրիմով, որը մինչ այդ օգտագործվել է «A Change of Heart» երգի տեսահոլովակում, իսկ մյուս Մեթին նստած է բազմոցին, փաթաթված վիճակում։ Ինչպես «Ճագարներ» ֆիլմում, այդպես էլ տեսահոլովակում Հիլիի գործողություններն ուղեկցվում են հետկադրային ծիծաղով, ծափահարություններով և բացականչություններով։ Նա մաքրում է ծաղրածուի գրիմը, նստում է բազմոցին և խոսում բացառապես անընթեռնելի ձայնով մյուս Մեթիի հետ, նախքան կրկին հեռանալը։
Երբ երգը սկսվում է, տեսանյութը փոխում է իր տոնը, անցնելով գունավոր կադրերի։ Հիլին, որի սիրտը կոտրված է, փորձում է միայնակ վերապրել գիշերը՝ լացելով, խմելով, պարելով և, ի վերջո, մեքենայի հետևի նստատեղում սեռական հարաբերությունների մեջ մտնելով մերկապարուհու հետ։ Վերջին մոտ, Հիլին գիտակցության է գալիս և հասկանում է, որ այլ մարդկանց հետ փոխազդեցությունները զգայապատրանքներ էին, և այդ մարդկանց մեծ մասը նրա պատճեններն են (մերկապարուհու դեպքում պարզվում է, որ Մեթին շոյում էր իր սեփական դեմքն ու կուրծքը)։ Տեսահոլովակը հիմնված է Հիլիի գրած պատմության վրա[8][9][10]։